Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով եղել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկային հատվածին հարակից տարածքում կառուցված հանգստի գոտում: Քաղաքապետը պարբերաբար անձամբ շրջում եւ հետեւում է կանաչ գոտիների ընդլայնման ու խնամքի  աշխատանքներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2012 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում ստեղծվեցին նոր այգիներ եւ պուրակներ, վերակառուցվեցին երկար տարիներ անուշադրության մատնված հանգստի մի շարք տարածքներ, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկվեցին անտառպուրակների վերականգնման ուղղությամբ:

Այս տարվա ծրագրերով եւս աշխատանքներն ընդգրկում են բոլոր վարչական շրջանները:

Այդ աշխատանքներին զուգահեռ, հատուկ ուշադրություն է դարձվում արդեն իսկ ձեւավորված կանաչ տարածքների պահպանմանն ու մշտական խնամքին:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը համոզվել է, որ  այգու տարածքի ոռոգման,  կանաչապատման եւ ծաղկապատման ուղղությամբ ամենօրյա հետեւողական աշխատանք է տարվում:

Այստեղ իրենց հանգիստը վայելող բնակիչները, զրուցելով քաղաքապետի հետ, շնորհակալություն են հայտնել տասնամյակներ սպասված ծրագիրը կյանքի կոչելու եւ տարածքը մշտապես բարեկարգ պահելու համար: Նրանք նաեւ հավաստիացրել են, որ իրենց հերթին խնամքով են վերաբերվում եւ անում են ամեն ինչ, որ տարածքը երկար ծառայի աջափնյակցիներին: