Քաղաքի տարբեր կետերից այսօր` օգոստոսի 2-ին ֆլեշմոբ կազմակերպած եւ քաղաքապետարան եկած «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները փուչիկ տեղադրեցին քաղաքապետարանի մոտ՝ «Տարոն, բարձրացիր մեզ մոտ» գրառմամբ (ֆոտոռեպորտաժ):
Ֆլեշմոբի կազմակերպիչներից Դվին Իսանյանսը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ֆլեշմոբի նպատակն էր ցույց տալ նստացույց անող ընկերներին, որ իրենք համախմբված են եւ չունեն ոչ մի կոնֆլիկտ: «Լրատվական տարբեր միջոցներով շահարկումներ էին գնում, թե ունենք կոնֆլիկտ եւ մեր մեջ պառակտում է գնում: Այս ֆլեշմոբով ապացուցեցինք, որ նման բան գոյություն չունի: Մենք համախմբված ենք, համաձայն ենք ու ամենակարեւորը բոլորս ընկերներ ենք»,-ավելացրեց Դվին Իսանյանսը:
Նստացույցի մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին եւ նշեցին, որ «Եթե պայքարում ենք, ապա պայքարում ենք մինչեւ վերջ»: Ֆլեշմոբի մասնակիցները թմբուկներ ձայների ուղեկցությամբ պարում էին, վանկարկում եւ ծածանում եռագույնը:
Ակցիայի մասնակիցները որոշեցին այսօր՝ երեկոյան ժամը 20-ին կրկին հավաքվել Մաշտոցի պուրակում: Ի դեպ, նրանք թռուցիկներ էին բաժանում, որտեղ նշված էր իրենց կարգախոսները . «Միասին մենք կարող ենք ավելին», «Միասնական ապակենտրոնացված ֆլեշմոբ», «Երեւանը մենք ենք», «Տեր լինենք մեր քաղաքին», «Տեր լինենք մեր տրանսպորտին, «Միասնական մենք ուժեղ ենք», «Մեր քայլերթով աջակցենք նստացույց անող մեր ընկերներին», « Պահել միասնականության եւ ապակենտրոնացված փոխաջակցության սկզբունքը», «Աջակցել շարժման նստացույց անող եւ տարբեր ճակատներով պահանջատեր հանրությանը:
Այս անգամ ոստիկանների հետ բախումներ չարձանագրվեցին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ քաղաքացիական ակտիվիստները ֆլեշմոբ են իրականացնում: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները մեկ ժամ առաջ Երեւանի տարբեր վեց կետերից շարժվել են քաղաքապետարան, որտեղ միացնելու են իրենց հետ բերած կտորները եւ մեծ նկար են ստանալու: Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























