Աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը:
«Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր առմամբ ընդունել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, եւ կողմերին արդեն դժվար է հրաժարվել ձեռքբերված պայմանավորվածություններին եւ կրկին վերսկսել գործընթացը: Մեծամասամբ սկզբունքներն ընդունելի են Ադրբեջանի համար, եւ այժմ հերթը Հայաստանինն է»,- նկատել է նա: Փորձագետի խոսքով, ղարաբաղյան բանակցությունների վրա դրականա զդեց հնգօրյա ռուս-վրացական պատերազմը, որը ցույց տվեց, թե որքան փխրուն է ստատուս-քվոն տարածաշրջանում: Դրական բանակցություններին աջակցում է նաեւ Ռուսաստանը, որի երկարաժամկետ շահերից է բխում հակամարտության կարգավորումը: «Մեկ այլ գործոն, որն ազդում է բանակցությունների վրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է: Միջազգային հանրությունը, գիտակցելով, որ Թուրքիա չի գնա մերձեցման Հյաաստանի հետ՝ վտանգելով Ադրբեջանի շահերը, ակտիվացրել է իր ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- կարծում է Հուսեյնովը:
Ընդ որում, փորձագետը նշել է, որ պետք չէ խառնվել հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացներին, քանի որ դրանք ինքնստինքյան շատ բարդ են: Շատերը կարծում են, որ ստատուս-քվոն բխում է հայկական կողմի շահերից, քանի որ նրանք հաղթողներն են: Ադրբեջանի համբերությունը վերջանում է: Բաքուն պատրաստ է ստատուս-քվոյի ցանկացած փոփոխության, որը չի ենթադրի ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշում",- նշել է փորձագետը:
Նա հայտնել է նաեւ, որ բանակցություններն ավելի ակտիվ կլինեն, եթե դրանցում մասնակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները: Որպես խոչընդոտ՝ Հուսեյնովը նշել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ Երեւանի կոշտ հայտարարությունները, թե ԼՂՀ-ն եւ շրջակա տարածքները Հայաստանի մաս են կազմում:



























