Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2013 թ. առաջին կիսամյակում կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6% ով եւ 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Արդյունքում` ձեւավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ դեֆիցիտի փոխարեն:

2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4% ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:  Հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9 տոկոսով: Հավաքագրվել են 479.6 մլրդ դրամ հարկեր եւ տուրքեր, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության` չնայած ծախսերի արձանագրված շուրջ 91 տոկոս կատարողականին՝ պետական մարմինների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ֆինանսավորվել են ամբողջությամբ եւ ժամանակին: «Ծախսերի ծրագրային ցուցանիշից շեղումը օրինաչափ երևույթ է, ինչը բնորոշ է բոլոր երկրներին: Ծախսի համար նախատեսված ծրագրային ցուցանիշը տվյալ ծրագրի համար օգտագործվելիք միջոցների առավելագույն չափաքանակն է, որը, պայմանավորված տարբեր գործոններով` տնտեսումներ, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխություններ եւ այլն, տրամաբանորեն կարող է փոփոխվել, ընդ որում՝ միայն նվազման ուղղությամբ»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ծախսային ծրագրից շեղումները, որոնք գործնականում արձանագրվել են գրեթե բոլոր ծախսատեսակների գծով: Աշխատավարձերի դեպքում շեղումը բացատրվում է այն հանգամանքով, որ փաստացի աշխատողների թվաքանակը ավելի պակաս է եղել հաստիքացուցակով նախատեսվածից, պետական գնումների ոլորտում դրանք կարող են  պայմանավորված լինել տնտեսումներով, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխությամբ եւ այլն: