Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հաշվի առնելով, որ հուլիս եւ օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան եւ, ըստ էության, հազարավոր երեւանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչեւ ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:
Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որեւէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել եւ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Որոշվել է նաեւ նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ եւ բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչպես նաեւ վճարումների մեխանիզմներին:
Հաշվի առնելով, որ, գործող օրենսդրության համաձայն, տուրքը սահմանվում եւ վճարվում է ընթացիկ տարվա համար եւ 2013 թվականի համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաեւ նշված խնդրին եւ հանձնարարել է իրազեկել բնակչությանը մինչեւ տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին:




























