Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ գյուղում խմելու ջրագիծ է կառուցվել, որի հնարավորությունները հետագայում նախատեսվում է օգտագործել հարեւան երկու համայնքները եւս խմելու ջրով ապահովելու նպատակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գերուգյանի Լոռիի մարզ այցելության ժամանակ նշել են մարզպետարանի պատասխանատուները:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Լոռիի մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ:
Մեղվահովիտ գյուղի ջրագիծը կառուցվել է երկու փուլով` առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով հատկացվել է 56 մլն դրամ:
Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր 6 մլն դրամով:
Այնուհետեւ Արմեն Գեւորգյանը Նորաշեն համայնքից մեկնել է Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաեւ մանկապարտեզը, ծրագրի երրորդ եւ չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված 5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով:
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել շենքային պայմաններից եւ նշել, որ ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ այլ ծրագրերով արվում է հնարավորը` համայնքները կրթական բարեկարգ հաստատություններով ապահովելու ուղղությամբ:
Արմեն Գեւորգյանը ծանոթացել է նաեւ հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով:
Լեռնահովիտ համայնքում փոխվարչապետը եղել է նորակառույց համայնքային կենտրոնում: Կենտրոնի հին շենքը հիմնովին քանդվել էր երկրաշարժից հետո, եւ համայնքապետարանը գործում էր տնակային պայմաններում: Համայնքային կենտրոնի նոր շենքը նույնպես կառուցվել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով`երրորդ փուլով հատկացվելով 40 մլն դրամ:
Լոռիի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը եւ գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, խմելու ջրի խնդիրներին:





























