Հայաստանում ոստիկանությունը մի կառույց է, որը զբաղվում է օրինախախտումներով, ոչ թե՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Օգոստոսի 2-ին հայտարարել է Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Նա հիշեցրել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակներում երիտասարդների խումբը նստացույց է անցկացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց, որն ընթանում է շատ բարդ պայմաններում, քանի որ ցերեկը շոգ է, իսկ գիշերը՝ արդեն ցուրտ:
«Հայաստանի քաղաքացին պետք է իր պայքարն արժանի կերպով մղելու հնարավորություն ունենա: Հենց այդ տեսանկյունից քաղաքացիների խումբը որոշել է վրան տեղադրել քաղաքապետարանի առջեւ, որպեսզի աջակցի ակցիայի մասնակիցներին: Բոլորին արդեն հայտնի է, թե ինչ տեղի ունեցավ վրան տեղադրելու փորձի ժամանակ: Երեկ, ժամը մոտավորապես 12:10-12:20-ի սահմաններում, ոստիկանությունը հարձակվեց այնտեղ հավաքված քաղաքացիների վրա:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ժամը մոտ 12:25-ին ավելի քան 10 ոստիկաններ անօրինական կերպով զրկեցին ինձ ազատությունից, կարելի է ասել, առեւանգեցին՝ վնասելով իմ գույքը եւ անձամբ ինձ: Նրանք իմ կամքին հակառակ, տարան ոստիկանության բաժին»,-ասել է Կիվիրյանը:
Նա ընդգծել է, որ իր կողմից օրենքի ոչ մի խախտում կամ հանցագործություն չի եղել, իրեն չեն բացատրել իր իրավունքները: «Այդ կապակցությամբ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են անօրինական»,-ասել է Կիվիրյանը՝ հավելելով, որ իրեն ապօրինաբար պահել են 3 ժամ 20 րոպե, որից հետո ազատ են արձակել:
Անդրադառնալով երիտասարդական շարժմանը, որը սկիզբ է առել ուղեվարձի թանկացման դեմ պայքարի արդյունքում, Կիվիրյանը նշել է, որ այն ինչ-որ պահից պետք է վերափոխման ենթարկվի: Այսինքն այն պետք է կարողանա ձեւավորել հասարակական դիմադրության ավելի լայն շարժում: «Այդ շարժման կենսունակության հարցը կախված է այդ վերափոխումից: Նման շարժումների դեպքում միշտ կա վտանգ, որ ալիքը կարողէ շատ արագ մարել: Ցավոք, շարժման պիկի ժամանակ այդ վերափոխումը տեղի չունեցավ, ինչն էլ հանգեցրեց որոշակի լճացման: Հիմա ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞ այդ շարժումը դանդաղ քայլերով հասնել վերափոխման»,-ամփոփել է Կիվիրյանը:





























