Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում /Աբովյան 64, օգոստոսի 3-ին կբացվի ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի եւ ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունների «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը:
Սասուն Մակարյանի ստեղծագործությունների համար որպես նյութ ծառայել են արդեն իրենց նշանակությունը կորցրած մարտական զինամթերքի բեկորները: Յուրաքանչյուր աշխատանք կերտված է պայթած տասնյակ բեկորներից, որոնք գրեթե չեն ձեւափոխվել հեղինակի կողմից: Սասուն Մակարյանը ցանկացել է կործանարար մետաղի էներգիան ուղղել գեղեցիկի ստեղծմանը: Նրա առաջին ստեղծագործությունները` «Ցլամարտ», «Սեր», «Բեկորապար», ստեղծվել են 1997 թվականին:
Սողոմոն Մելիքյանի ստեղծագործական աշխարհը մարդ-բնություն ներդաշնակության արտացոլումն է: Հեղինակի աշխատանքները ծառի արմատներից են, որոնք ինքնատիպ քանդակներ են՝ առաջին հայացքից անավարտ: Ստեղծագործողի զգայուն աչքը նկատել է բնության պատկերները, որսացել պահի բնական շարժումը: Ներկայացված յուրօրինակ քանդակաշարքը լուռ երկխոսություն է բնության գաղտնիքների հետ:





























