Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության ծավալման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարեւորելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ 2008 թ. Հելսինկիի եւ 2009 թ. Աթենքի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների ընդունած հայտարարությունները: