Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիգստադի նախագահ Պեր Վեստերբերգին՝ Ազգային ժողովի եւ իր անունից խորին շնորհակալություն հայտնելով Շվեդիայի խորհրդարանին`"մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` Հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար":
«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը ապագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում»,- նշել է Աբրահամյանն ու նկատել, որ «իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաև հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը ձայների 131/130 հարաբերակցությամբ մարտի 11-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:


























