Քաղաքապետարանի որոշումներին հակազդելու առավել իրական լծակներ ունեն Երեւանի ավագանու կազմում ընդգրկված քաղաքական ուժերը, այդ թվում՝  «Բարեւ Երեւան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին այսօր՝  օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության  անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով վճարովի կայանատեղերի վերաբերյալ քաղաքապետարանի նոր որոշմանը եւ դրա վերաբերյալ քաղաքական ուժերի արձագանքին։

Ըստ նրա՝ վերոնշյալ ոժերը ոչ թե պետք է հակադրվեին կայացված որոշմանը, այլ կանխեին դրա ընդունումը։ Նա նաեւ հիշեցրել է իրենց կուսակցության համեստ դերը;

 «Իհարկե, մեր կուսակցությունը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն չենք ցանկանում քայլեր անել ուղղակի անելու համար։ Բացի այդ, մենք մեր նախաձեռնությունները ընդդիմությանը ներկայացնելու դառը փորձ ունենք, եւ այն լավատեսություն չի ներշնչում», - ընդգծել է Մանուկ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետարանը հերթական նորամուծությունն է ներկայացրել։ Օգոստոսի 1-ից կարմիր գծերով նշված փողոցներում կայանումը վճարովի է։ Կայանման առաջին հինգ րոպեն անվճար է, դրան հաջորդած ամեն ժամը՝ 100 դրամ։ Օրավարձը կարժենա 500 դրամ, շաբաթը՝ 1000 դրամ, ամիսը՝ 2000 դրամ, տարին՝ 12000 դրամ։