Հայաստանի Գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը իր անհամաձայնությունը հայտնեց ստեղծագործական միություններին հ/կ-ների կարգավիճակում ամրագրելու առթիվ եւ վերահաստատեց իր վճռականությունը` պայքարելու «Ստեղծագործական միությունների օրենքի» վերականգման համար: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ անդրադառնալով ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարին:
Նրա խոսքով, արտահերթ համագումար հրավիրվեց, որովհետեւ հասունացել էին մի շարք հարցեր, որոնք լուծում էին պահանջում: Հայաստանում կան շուրջ 4900 հասարակական կազմակերպություններ եւ պարտադրվում է անվանումից «միություն« բառը հանել, քանի որ դա Սովետական Միությունն է հիշեցնում: «Այս պայքարը շարունակվում է եւ թվում է, թե աշնանը մի լուծում կտրվի: Կարծես թե ԱԺ-ն, արդարադատության նախարարությունը այս տարի փորձում են լուծում տալ»,- նշեց Լեւոն Անանյանը եւ ավելացրեց, որ եթե խնդիրը լուծում չստանա, ստեղծագործական անհնազանդության դուրս կգան՝ որպես օրինակ բերելով «Չենք վճարելու 150 դրամ» շարժումը:
Ըստ Անանյանի, համագումարը քննարկել եւ հաստատել է գրողների միության նոր կանոնադրությունը: Համագումարը դրական է գնահատել եւ հավանություն տվել ՀԳՄ նախագահի վարած քաղաքականությունը եւ միաձայն, արդեն չորրորդ անգամ ՀԳՄ նախագահ է ընտրել Լեւոն Անանյանին: Ավելին` Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ՀԳՄ շուրջ հինգ հարյուր անդամից համագումարին իրենց մասնակցությունն է բերել շուրջ 420 գրող:
Հարցին, թե ինչու է չորրորդ անգամ ընտրվել, արդյոք չկա նոր, շնորհալի կադրեր, Անանյանը պատասխանեց, որ ոչ միայն շնորհալի է, այլեւ տաղանդավոր կազմակերպիչ: Ինչպես նաեւ նշեց, որ չի ցանկանում, որ իրենից հետո այդ կառույցը փլուզվի: Նա նշեց, որ միությունն իրենից հետո «Սոդոմ-գոմոլ» կվերածվի: «Մանավանդ քանի դեռ Աբգարը կա: Ես ոչ մեկի ձայնը չեմ գնել, չեմ համոզել: Այնքան ջանք ու եռանդ է ներդրել, որ չի ուզում, որ իրենից հետո այդ ամենը փլուզվի: Իսկ այս խայտառակ մաղձի, թույնի, ատելության մթնոլորտում այդ ասած «Սոդոմ-Գոմորը» կսկսի: Մանավանդ քանի դեռ Աբգար Ափինյանը կա, մի խմբագրուհի էլ ունենք, որին նույն ճակատագիրն է սպասվում իբրեւ զրպարտիչ: Ժամանակի հարց է»,- ավելացրեց Լեւոն Անանյանը:





























