Երեւանի ավագանու երկամսյա գործունեության ընթացքում համոզվեցինք, որ մայրաքաղաքը կառավարող քաղաքական ուժը պարզապես աղետ է երեւանցիների համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Մայրաքաղաքի քաղաքապետը մասնավոր հատվածի շահերն է սպասարկում։ Կարելի է ասել, որ մենք նախկինում այսքան ոչ ինքնուրույն քաղաքապետ չենք ունեցել», - նշել է նա։ Մանուկ Սուքիասյանի համոզմամբ՝ երեւանցիների համար առաջին նվերը քաղաքային հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումն էր, ինչը հաջող եւ արդյունավետ դիմակայության հանդիպեց։
«Երկրորդ դրսեւորումը Երեւանի կենտրոնական փողոցների կարմիր գծանշումն էր։
Ի հայտ է եկել մրցույթից մի քանի օր կամ շաբաթ առաջ գրանցված ընկերություն, որին, չգիտես ինչու, Երեւանի վճարովի ավտոկայանատեղերից եկամուտ ստանալու իրավունք է հատկացվել», - հայտարարել է Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ փաստացի քաղաքի եկամուտների 70 տոկոսը մասնավոր հատվածին կտրվի։ Նա նաեւ հավելեց, որ, ճշտված տվյալներով, վճարովի ավտոկայանատեղերով զբաղվող «Սիթի Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ն պատկանում է ԴԱՀԿ-ի ղեկավար Միհրան Պողոսյանին։ «Հասկանալի է, որ սա եւս Տարոն Մարգարյանի քմահաճույքը չէ, այլ քաղաքական վերնախավի թելադրանքը։ Երեւանի կառավարումը Հայաստանի կառավարման տրամաբանական շարունակությունն է», - ընդգծել է Մանուկ Սուքիասյանը։ Ըստ նրա՝ բավական է Սերժ Սարգսյանը մեկնի արտասահման, որպեսզի խաթարվի իշխող էլիտայի կարծեցյալ միասնականությունը։
«Սա վկայում է, որ միասնական քաղաքական թիմ, որպես այդպիսին, գոյություն չունի», - ամփոփեց Մանուկ Սուքիասյանը։





























