Գելենջիկում 4 բնապահպանների դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման՝ «Պուտինի ամառանոցի» շինարարության գործով: Դատարանի վարկածով՝ նրանք գործին չմիջամտելու համար, իբր, 2 մլն ռուբլի են ստացել են օրինախախտ կառուցապատողից: Իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Վլադիմիր Իվանովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, Կենտրոնի իրավաբան Զուֆար Աչիլովը 11, Կենտրոնի աշխատակիցներ Գագիկ Ավանեսյանն ու Վալերի Սեմերգեյը՝ 8-ական տարվա ազատազրկման:
Իրենք՝ ամբաստանյալները պնդել են, որ ժամանակավոր պահման մեկուսարանում իրենց խոշտանգել են, իսկ բոլոր ապացույցները կեղծ են, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Գելեջիկի իրավապաշտպան կենտրոնը գործել է մինչեւ 2012-ի փետրվարի 20-ը, երբ նրանց ղեկավարներին ձերբակալեցին: Կենտրոնը զբաղվել է այսպես կոչված «Պուտինի եւ պատրիարքի ամառանոցների» շինարարության հետաքննությամբ:
Իրավապաշտպանները նշել են, որ իրենք պաշտպանել են տեղի բնակիչներից մեկի շահերը, որի տան մոտ տեղի է ունենում շինարարությունը: Սկզբում իրավապաշտպանները մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել, որի արդյունքում բնակիչը փոխհատուցում է ստացել կառուցապատողից եւ հրաժարվել նոր կառուցվող շենքն ապամոնտաժելու պահանջից:
Ոստիկանները իրավապաշտպաններին ձերբակալել են հենց այն ժամանակ, երբ կողմերը հանդիպել են կոնֆլիկտը հարթելու համար:
Իրավապաշտպանները պնդում են, որ խոստովանական ցուցմուքններ տվել են խոշտանգումների հետեւանքով: Հասարակական դիտորդական կազմակերպությունը կալանավայրում ստուգումների արդյունքում պարզել է, որ իրավապաշտպանների մոտ առկա են հեմատոմաներ եւ այրվածքի հետքեր, սակայն Կուբանի քննչական կոմիտեն հրաժարվել է գործ հարուցել՝ «հանցակազմի բացակայության» պատճառավանությամբ, հաղորդում է TOPNews-ը:
Իրավապաշպանների վերաքննիչ բողոքը Կրասնոդարի մարզային դատարանում տեղի կունենա օգոստոսի 8-ին:





























