Ձեռագործ գորգերը միջազգային շուկա դուրս բերելու համար պետական աջակցություն է հարկավոր: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց «Նոյ կարպետ» (Մարտունու նախկին գորգագործական ֆաբրիկա) ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով` հայկական ընկերություններին, փոքր շրջանառության պատճառով, դժվար է ինքնուրույն դուրս գալ գորգերի վաճառքի մեծածախ շուկաներ, որտեղ պահանջվում է մեծ խմբաքանակ հանել: Իրացման հետ կապված դժվարությունենրի պատճառով ընկերությունը դեռեւս ֆերմերներից բուրդ ընդունել չի կարող:
«Մենք սկսել ենք աշխատել ձեռագործ գորգերի համար միջին գներում` քմ-ի համար մինչեւ 200 դոլար: Բայց ստացվում է, որ մեր մրցակիցներին հաջողվում է աշխատել ավելի քիչ ծախսով: Այդուհանդերձ, աշխատավարձը նվազեցնել մենք չենք ցանկանում, քանի որ այն առանց այդ էլ այդքան բարձր չէ` 50-55 հազար դրամ»,-նշեց Հ. Հակոբյանը:
«Նոյ կարպետ» ընկերությունը գործում է 2011թ-ից: Այժմ այնտեղ աշխատում է 24-25 հոգի, հիմնականում կանայք: Մարզում մի քանի ուսումնարան եւ բուհ է գործում, սակայն գորգագործություն ոչ մի տեղ չեն դասավանդում: «Երկու անգամ մեզ մոտ դասընթացներ ենք անցկացրել եւ ընտրել ենք 9 հոգու, ովքեր ցանկացել են յուրացնել այս արհեստը»,-նշեց Հակոբյանը:
Արտադրության վերակազմակերպման համար մոտ 30 մլն դրամ է ծախսվել: «Ակնկալում ենք կառավարության աջակցությունը: Գուցե օգնեն մասնակցել ցուցահանդեսների` աշխարհում հայկական գործերի մասին իրազեկվածության բարձրացնման համար: Մանավանդ որ խորհրդային շրջանում նման ավանդույթներ կային. Մարտունու ֆաբրիկայի գրեթե ողջ արտադրանքն արտահանվում էր»,-նշեց տնօրենը:
Հայաստանում գորգերի արտադրությունն ու նրանց արտահանումը մեծ չէ` մոտ 10-20 տոննա (2011 թ-ին` 17.3, 2012 թ-ին`10.1): 2012 թ. արտահանումը կազմել է մոտ 1.4 հազ. խմ `120 հազ. դոլար ընդհանուր գումարով:




























