Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված հայ ընտանիքը սեփական մեքենայով մեկնում էր Սոչի ազգականների մոտ հանգստանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Վերջինս նշեց, թե դժբախտաբար Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած  ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկը Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանները մահացել են: Իսկ մյուս դուստերը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Վարդան Գեւորգյանը տեղեկացրեց, որ ընտանիքը 3 աղջիկ ունի: Մեծ դուստրը Քաջարանում է ամուսնացել, եւ նրանց հետ չի գնացել հանգստանալու: Քաղաքապետը նշեց, որ  այսօր գիշերը ընտանիքի մահացած անդամներին կտեղափոխեն  Քաջարան:

Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպում, քաղաքապետն ասաց.«Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն արտահայտել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Հուղարկավորությունը վաղն է: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան»,- ավելացրեց քաղաքապետը եւ իր ցավակցությունը հայտնեց տվյալ ընտանիքի հարազատներին: