ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Շիրակի մարզային վարչության պետի նախկին տեղակալ Հարություն Ավետիսյանը, ով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ազատվել էր աշխատանքից, աշխատանքի է անցնելու մաքսային պետական ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցենք, որ մեկ շաբաթ առաջ Հարություն Ավետիսյանը դիմում էր գրել եւ հեռացել համակարգից, չնայած այն հանգամանքին, որ Վլադիմիր Գասպարյանը նրան աշխատանքից ազատելուց հետո կադրերի ռեզերվ էր ուղարկել: Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ դեռեւս չի հստակեցվել, թե եղբայրը ինչ պաշտոն կզբաղեցնի, սակայն այս շաբաթ հստակություն կմտցվի: Դիտարկմանը, թե եղբոր նոր աշխատանքի անցնելու գործում ինքը միջնորդություն ունեցել է , թե ոչ, ասաց. «Չէ, ուղղակի ընդհանուր խոսակցության մեջ իրեն ճանաչում են, գիտեն: Համակարգում էլ շատ աշխատողներ կան, որ ժամանակին իր հետ աշխատել են: Այդպես առաջարկ է եղել, ինքն էլ ընդունել է եւ ես էլ համաձայնել եմ»: Առաջիկայում կհստակեցվի՝ Հարություն Ավետիսյանը Երեւանում կաշխատի, թե Շիրակի մարզում:
Ավելի վաղ Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի կողմից իր եղբորը Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու որոշմանը, ասել էր,թե բնական է, որ կադրերի ռեզերվ ուղարկելը ոչ ոքի չի գոհացնում: «Նա սպասում է առաջարկի: Կլինի առաջարկ, լավ, չի լինի առաջարկ, խնդիր չկա: Այս ընթացքում նոր աշխատանքի առաջարկ չի ստացել: Բայց եթե առաջիկայում աշխատանք չստանա, կընդունվի մեկ այլ տեղ աշխատանքի: Այս պահին սպասում ենք կոնկրետ առաջարկի»,- արձագանքել էր Սուքիաս Ավետիսյանը: Ասել էր նաեւ, թե չի պատրաստվում միջնորդել, որ ոստիկանության համակարգում 23 տարվա աշխատանքային փորձ ունեցած եւ օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված եղբորը նոր աշխատանքի ընդունեն:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով Aravot.am կայքը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել էին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:




























