Ադրբեջանում ընդդիմադիր հայացքների համար լրագրողների եւ այլ քաղաքացիների նկատմամբ հետապնդումները լուրջ խնդիրների աղբյուր են մարդու իրավունքների ոլորտում: Այս մասին հայտարարել է ԵՄ՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսը, որը մայիսի 22-24-ին Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներով զեկույց է կազմել ու հրապարակել:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց արտահայտությունների համար կալանավորվածներին, կատարելագործել հավաքների ազատությանը, խոսքի ազատությանը վերաբերող օրենսդրությունը եւ պրակտիկան: Հանձնակատարը նաեւ խորհուրդ է տվել չեղյալ համարել զրպարտության համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքները: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը հունիսին օրենք է ստորագրել, ըստ որի զրպարտության համար քրեական պատասխանատվությունը տարածվում է նաեւ համացանցի վրա:
«Կալանավորումների ու հետապնդումների ալիքը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերի զանգվածային լրտեսումը պետք է անհապաղ դադարեցվեն: Ինտերնետը պետք է ազատ ասպարեզ լինի հրապարակային արտահայտվելու համար»,-ասել է Մուժնիեքսը:




























