Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, այսօր՝ օգոստոսի 6-ին, այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը՝ Պեկին) դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Վիետնամի նախագահ Չիոնգ Թան Շանգը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վիետնամի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Սարգսյանին նրա կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Նա համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակներս Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Չիոնգ Թան Շանգը նշել է նաեւ, որ 2012թ. հունիսին ՀՀ նախագահի՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նա ծրագրում է գալիք տարի այցելել Հայաստան:

Դեսպան Սարգսյանը Վիետնամի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում Վիետնամի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար եւ ընդգծեց, որ Հանոյում Հայաստանի դեսպանութան հիմնումը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: