ԱՄՆ հայ փաստաբանների կոլեգիան հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Ռուսաստանի դատարանում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, տեղեկացնում է  «Asbarez»-ը:

Հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է. «Ինքնին հասկանալի է, որ  մարդկանց կորուստը ողբերգական իրադարձություւն է: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

Ձերբակալությունից հետո գործի վարույթի սկիզբն ավելի վատ չէր կարող լինել ինչպես Հարությունյանի, այնպես էլ Ռուսաստանի քրեական արդարադատության համակարգի համար` բացահայտելով, որ օրենքի գերակայությունն ապահովվում է  միայն խոսքով: Միլիոնավոր մյուս անձանց հետ մենք եւս ականատես եղանք Հայաստանի քաղաքացու նկատմամբ  խտրական, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմուքնի, երբ մեր աչքի առջեւ Հարությունյանին գամում էին անարգանքի սյունին` հագցնելով կանացի խալաթ եւ հողաթափեր:

Մենք ստիպված ենք հայտարարել եւ պահանջել, որ Հարությունյանի քաղաքացիական իրավունքները, անկախ մեղավոր կամ անմեղ լինելուց,  ամբողջությամբ հարգվեն,  որպեսզի նրան իրավական գործընթացին պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի` միջազգային եւ ռուսաստանյան չափանիշների համապատասխան»: