ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սան Ֆերնանդո հովտի երկու հայ բնակիչների կողոպուտի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նրանք զենքի սպառնալիքի տակ կողոպտել են մի տղամարդու:

CBS-ի փոխանցմամբ, 23-ամյա Լեւոն Իսկանդարյանն ու 33-ամյա Մամբրե Խաչյանը կալանավորվել են Պանորամա Սիթի քաղաքի մի բնակչի կողոպտելու համար, ով համացանցով համակարգչային սարքավորումներ էր վաճառում: Կասկածյալները տուժածին հանդիպել են Վան Նայսի McDonald’s ռեստորանում, ապա իրենց երրորդ հանցակցի հետ քայլել մեքենայի ուղղությամբ, որտեղ զենքը պահել են տուժողի վրա եւ կողոպտել iPhone հեռախոսը: Փախուստի ժամանակ տուժողը կախվել է մեքենայից եւ վնասվել:

Ոստիկանությունը ազդանշանով հետեւել է հեռախոսն ու ազդանշանը հայտնաբերել Սանլենդի տներից մեկից: Իսկանդարյանի տունը խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել, իսկ ավելի ուշ կասկածյալներին հայտնաբերել են համացանցում օգտագործված հեռախոսի վաճառքի հայտարարությամբ:

Ոստիկանության փոխանցմամբ, երկու ձերբակալվածներն էլ Armenian Power փողոցային ավազակախմբի անդամներ են: Նրանց երրորդ ընկերը չի հայտնաբերվել, քանի որ երկուսն էլ հրաժարվել են հայտնել նրա անունը: Իսկանդարյանին եւ Խաչյանին զինված կողոպուտի մեղադրանք է առաջադրվել եւ 125 հազարական դոլար գրավ է նշանակվել: