«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին: NEWS.am-ը ներկայացնում է մի հատված ճեպազրույցից.

Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք գնահատում տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Այսօր տնտեսական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամն ավարտված չէ, պետք է մենք կարողանանք, որ հարկերը թուլացվեն, այլ ոչ թե խստացվեն, որոշ օրենքներ սառեցվեն: Դա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է օրենքներ ծառացվեն, որ կարողանա ժողովուրդը գոյատեւել, կարողանանք այդ ծանր պայմաններից միասնական ուժերով դուրս գալ: Աշխարհում երբեք չկա մի տեղ, որ տնտեսական ճգնաժամի ժամանակ խստացվեն հարկային իրավունքները: Պետք է դրանք կամ թուլացվեն կամ սառեցվեն: Երբ տնտեսական ճգնաժամն ավարտվի, հնարավոր է այդ ճանապարհը խստացվի, ավելի մեծ ուշադրություն դարձվի:

Կարծիք եղավ, որ տնտեսական ճգնաժամը ավարտվել է արդեն:

Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, թե տնտեսական ճգնաժամն ավարտված է: Դեռ հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: այն պետությունները, որ 4 տոկոս, 6 տոկոս անկման տեղը աճ են ունեցել, դեռ չեն համարձակվում նման բան ասել:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, սակայն, հայտարարեց, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամն ավարտվել է արդեն:

Ուզում եք նորից կրկնեմ` ինքը տեղում չի եղել ու չի տիրապետում ոչ էկոնոմիկային, որ երկրում տնտեսական վիճակին: Սա՞ էիք ուզում: Ես ինչ որ ասել եմ, իմ ասածները բարձրաձայն ասելու եմ:
Իսկ Սերժ Սարգսյանի մոտ բարձրաձայնե՞լ եք այդ մասին:

Սերժ Սարգսյանը դա գիտի, եւ համապատասխան քայլեր ինքը կկատարի: Նորից եմ ասում` ամեն ինչ չի կարելի Սերժ Սարգսյանի վրա թողնել: Այսօր մենք ունենք մի կառույց, որտեղ 200 աշխատող ունենք, էլի չենք կարող ամեն ինչ լիարժեք հետեւողական լինել:

Գազի գնի թանկացումը ազդելո՞ւ է մյուս ապրանքների թանկացմանը, ազդելո՞ւ է սոցիալական վիճակին:

Ամեն ինչի վրա էլ ազդելու է, եթե գազը թանկացավ. դրանից հետո հոսանքն է թանկանալու, տրանսպորտն է թանկանալու: Ամեն ինչն էլ թանկանալու է, հացն էլ է թանկանալու:

Սոցիալական բունտ հնարավո՞ր է լինի այդ թանկացումների արդյունքում:

Ես երկու հարցի էլ կպատասխանեմ: Ես ձեզ հարգում ու սիրում եմ: Բոլոր հարցերին պատասխանել եմ, պատասխանող եմ…