Գազի սակագնի բարձրացումը ներկայիս սոցիալական պայմաններում բացասական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման միտումների վրա։ Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենական ապրանքներ արտադրող ընկերությունների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Վերջինիս խոսքով գազի գնի բարձրացման պատճառով Հայաստանում արտադրվող ցեմենտն ու կաուչուկն այլեւ մրցունակ չեն լինի դրսում, քանի որ էականորեն կավելանա դրանց ինքնարժեքը։
Սաֆարյանը նաեւ նշեց, որ, «Հայռուսագազարդը» պետք է դադարեցնի ներդրումներ կատարել սպառողների միջոցներով։
«Անցած տարի „Հայռուսգազարդը“ 12 մլրդ դրամ ներդումներ է կատարել եւ այդ ներդրումները եղել են մեր՝ սպառողների հաշվին։ Այդպես եղել է մի քանի տարի, որի արդյունքում „Հայռուսգազարդի“ ներդրումները 1 մլրդ դոլլար է կազմել։ Եթե մենք՝ սպառողներս, գոնե 10 տոկոսի ներդրում ենք կատարել, ուրեմն 20-ը 80-ի համամասնությամբ բաժնեմասերը պետք է տրվի տեղական սպառողին եւ նա դառնա փայատեր։ Այդ դեպքում մենք, որպես փայատեր, կարող ենք մասնակցել գազի գնագոյացման գործընթացին»,- նշեց Սաֆարյանը։
Հանրային խորհրդի անդամը հավելեց, որ գազի ներկայիս վերադիր ծախսերը 89 տոկոս են կազմում։ Իսկ աշխարհի ոչ մի երկրում վերադիր ծախսերի տոկոսը չի գերազանցում 50-ի սահմանը։ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, «Հայ-ռուսգազարդը» պետք է կրճատի իր շահագործման ծախսերը։
«Մասնավորապես պետք է վերանայվեն կորուստները։ Հայ-ռուսգազարդը նախատեսել է 3,58 տոկոսի կորուստներ, որը կազմում է 82-83 մլն խորանարդ մետր գազ, այսինքն այնքան կորուստ, որքան որ „Նաիրիտը“ գազ է օգտագործում»-նշեց Սաֆարյանը՝ հավելելով որ. «Հայռուսգազարդի» շահերից է բխում կրճատել իր ծախսերը, դառնալ դինամիկ ընկերություն, այլապես շատ կփոքրանա գազի իրացման ծավալները, առանց այն էլ այն զգալիորեն կրճատվել է":



























