Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, իր շահերն ունի, որոնց համապատասխան վարում է իր արտաքին քաղաքականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական եւ տնտեսական համագործակցության մասշտաբներին:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ապա նրա կարծիքով, պետք է ավելի շատ ոլորտներ ներգրավել այդ հարցում: «Անվտանգության սպառնալիքի տեսանկյունից պետք է հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ-պետություն է եւ դրանով ամեն ինչ ասված է»,-ընդգծել է Ուրիխանյանը:
Կապված Պուտինին՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես քաղաքական մեթոդներով լուծելու հայտարարությունների հետ, նա ընդգծել է, որ դա ակնհայտ է եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը պետք է բացառել:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում Իլհամ Ալիեւը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է չորս միլիարդ դոլարի եւ այդ թիվն աճելու միտում ունի:





























