Ճգնաժամի պատճառով Հայաստանում կոնյակագործության ծավալները նվազել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը՝ հավելելով, որ նախորդ տարի Հայաստանում կոնյակագործությունը 47% անկում է ապրել, իսկ ԵԿԳ-ն՝ 36%:
Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարին բացասաբար անդրադարձավ հատկապես կոնյակի սպառման վրա։ «Մեզ համար լավագույն տարին 2007-ն էր, որի ցուցանիշներին կկարողանանք հասնել միայն 2012 թվականին»,-նշեց Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարի իրենք ցանկանում էին իրագործել շուկաների դիվերսիֆիկացման ծրագրերը, սակայն ճգնաժամի պատճառով հաջողությունների չեն հասել:
ԵԿԳ գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ ԵԿԳ արտադրանքի շուրջ 92%-ը արտահանվում է, իսկ հիմնական շուկան Ռուսաստանն է, հետո նոր ԱՊՀ երկրները:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԵԿԳ-ն սահմանամերձ շրջաններում կոնյակի մթերման եւ թորման ծրագրեր է իրականացնում։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզում, որտեղ արդեն թորման արտադամաս է գործում, կբացվի նաեւ հնեցման արտադրամաս։ Թորման արտադրամասում, որը բացվել է նախորդ տարվա նոյեմբերին, մինչեւ օրս 1 մլն լիտր գինենյութ է թորվել, սակայն ԵԿԳ-ն նախատեսում է մեծացնել արտադրական ծավալները, որպեսզի Բերդում մթերված խաղողի ողջ բերքը թորվի տեղում:



















