Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչեւ 130 կիլոմետրի: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռադիոկայանի աղբյուրները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, եւ որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
Վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
Ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:
«ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով եւ բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման եւ ձեռքբերումների մեր հստակ պլանները եւ հետեւում ենք դրանց»,- ասել էց Հովհաննիսյանը:




























