Գազի գնի բարձրացումը Հայաստանում հանգեցրել է սոցիալական լարվածության, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՅԴաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հայտնել է, որ ՀՅԴ-ն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի բարձրացման հիմնավորվածությունը ստուգելու համար: «Այսօր հարցեր են ծագում, որոնք անհապաղ պատասխան են պահանջում, ինչու է Հայաստանը գազ գնում 180 դոլարով՝ 1000 խմ-ի համար, խոշոր սպառողներին վաճառում 243 դոլարով, իսկ քաղաքացիներին՝ 342 դոլարով: Օրինակ, նույն Մոլդովան գազը գնում է 263 դոլարով, բայց վաճառում 320-ով»,- նկատել է պատգամավորը: Նա նաեւ հարց է տվել, աշխատո՞ւմ է արդյոք Կողբի գազաչափիչ կայանը, որը պետք է ստուգի, թե որքան գազ է մտել հանրապետություն: Պատգամավորը նաեւ կասկած է հայտնել սպառողների գազահաշվիչների հավաստիության մեջ: «Երբեւէ իշխանությունները հարց տվե՞լ են, ինչպես պետք է գազի համար վճարեն մարդիկ, որոնց աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում գազի գնի բարձրացմանը զուգընթաց: Ի վերջո, „Հայռուսգազարդը“ պետք է իր ծախսերը հոգա ոչ թե բնակչության, այլ սեփական եկամուտների հաշվին»,- վրդովված ասել է պատգամավորը: