Հայաստանի քաղաքացիները մարդավայել կենսամակարդակ չեն ունենալու եւ պաշտպանված չեն լինելու, քանի դեռ իրենք չեն ձեւավորում իշխանությունը եւ նրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն չեն սահմանում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից մարտի 16-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս ներկայացրել է Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը՝ գազի գնի բարձրացումից մինչեւ գյուղատնտեսություն:

«Թվում է` այս ամենը կապ ունի բացառապես տնտեսական վարվող քաղաքականության հետ: Բայց ես համոզված եմ` դուք բոլորդ հասկանում եք, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը ածանցվում է կառավարման քաղաքականությունից: Եվ որ իշխանությունները, օգտագործելով թե՛ օրենսդիր, եւ թե՛ գործադիր լծակները, ստեղծում են այնպիսի անհավասար եւ անարդար պայմաններ, որ խոշորներն էլ ավելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը գրեթե վերանում է»,- նշել է Մարտիրոսյանն ու հավելել. «Եւ պատահական չէ, որ նման իշխանությունը պահելու համար ե՛ւ ընտրություններ են կեղծվում, ե՛ւ մարտի 1 է իրականացվում: Արդյունքում` եկամուտների կենտրոնացում մի քանի տասնյակ կլանների ձեռքում, համատարած աղքատացում եւ արտագաղթ»: