Ինգուշեթիայում սպանվել է ԱԽ-ի քարտուղար Ահմեդ Կոտիեւը: ԱԽ-ի ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Ավելի ուշ հիվանդանոցում նա ստացված վերքերից վախճանվել է:
Այն մեքենան, որտեղ գտնվել է Կոտիեւը, 07:30-ին գնդակոծման է ենթարկվել Մալգոբեկ-Նազրանի ճանապարհին` Ներքին Աչալուկի բնակավայրի մոտ: Կոտիեւի վարորդը տեղում մահացել է: Ծանր վերքեր ստացած Կոտիեւը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնակատար Յունուս Բեկ Եվկուրովը հայտնել է, որ Կոտիեւի սպանությունը կապված է «հանցախմբերի անդամներին խաղաղ կյանք վերադարձնելու ուղղությամբ» նրա աշխատանքի հետ:
Ահմեդ Կոտիեւը ԱԽ-ի քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2011թ. ապրիլից: 2007-2009թթ. նա գլխավորել է Նազրանի ՆԳ բաժինը: 2012թ. հունիսին Մալգոբեկում Ահմեդ Կոտիեւի տունը գնդակոծման էին ենթարկել: Այն ժամանակ ոչ ոք չէր տուժել:





























