Ադրբեջանը փորձում է սպեկուլյացիաների ենթարկել Սարսանգի ջրամբարի թեման: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հերթական հրապարակումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ղարբաղյան կողմը Ադրբեջանին ուղղված առաջարկությամբ է հանդես եկել՝ ջրային ռեսուրսները համատեղ կառավարելու ուղղությամբ: Խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթար գետի ջրերի մասին է: Ի պատասխան ադրբեջանական կողմը հերթական անգամ հայերից բողոքել է ԵԱՀԿ-ին՝ «կապված նրանց գործողությունների հետ, որոնք հումանիտար աղետի են հանգեցնում»:
Մեկնաբանելով հարեւանների ապակառուցողական վարքը՝ Դավիթ Բաբայանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հավակնությունները բոլորովին անհիմն են: «Տարբեր ատյաններին բողոքելու փոխարեն Ադրբեջանը պետք է քաջություն հավաքի եւ դիմի Լեռնային Ղարաբաղին»,-նկատել է Դավիթ Բաբայանը:
Ջրամբարի ռեսուրսներն օգտագործելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հանդիմանություններին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նկատել է. «Իսկ ինչո՞ւ մենք չպետք է ջուրն օգտագործենք»:
Ինչ վերաբերում է ջրամբարը վասելու հնարավորությունների վերաբերյալ միջադեպերին, ապա նա ընդգծել է, որ «ջրամբարը կարող է միայն մի դեպքում տուժել՝ Ադրբեջանի կողմից ռմբակոծվելու դեպքում»: Բաբայանի խոսքով՝ եթե Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում, ապա դա այլ հարց է: Այս դեպքում սպեկուլյացիան եւ Սարսանգի ջրամբարը սեւ փիարի նպատակներով օգտագործելու փորձերն ակնհայտ են:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների՝ ԵԽԽՎ անդամ Էլհան Սուլեյմանովը նամակ է ուղարկել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին եւ ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին: Նամակում նա իր բողոքն է հայտնում ջրամբարի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Ընդ որում, նամակում մի բառ անգամ չի նշվում Ադրբեջանի՝ համագործակցությունը մերժելու մասին:




























