Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի մեղմի այդ որոշման սոցիալական հետեւանքները։ Մարտի 17-ին, ելույթ ունենալով Ազգայի ժողովում, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքերով, ներկայումս կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է գազի գնի բարձրացման պատճառով հասարակության անապահով խավի վրա ունեցած հետեւանքների փոխհատուցման ծրագիր։

«Ներկա պահին ճշտվում են աշխատանք չունեցողների ցուցակները»,-ասաց Տիգրան Սարգսյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ այդ հարցը շատ արդիական է Հայաստանի պես երկրի համար, որտեղ բավականին բարձր է աղքատության մակարդակը։

Միեւնույն ժամանակ, վարչապետն ասաց, որ գազի գնի բարձրացումն օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորպես այն պայմանավորված է Հայաստան ներկրվող գազի գնի բարձրացմամբ։ «Նախքան որոշում ընդունելը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մանրամասն վերլուծել է „ՀայՌուսգազարդի“ հայտը»,- հավաստիացրեց Տիգրան Սարգսյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ կառավարությունը ուժերը ներածին չափով փորձել է մեղմել գնի բարձրացումը։

Նշենք, որ ապրիլի 1-ից մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար գազի գինը 1 խ/մ-ի համար 96 դրամից կդառնա 132 դրամ։ Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ օգտագործողները, 1000 խորանարդ մետրի համար նախկին 215 դոլարի փոխարեն կվճարեն 243.13 դոլար։