Հնդկաստանում ուսանողուհու խմբակային բռնաբարության աղմկահարույց գործում ներգրավված անչափահասը մեղավոր է ճանաչվել` փաստաբանին վկայակոչելով հայտնում է BBC-ն: Հանցանքի պահին տղան դեռ 18 տարեկան չի եղել, սակայն զոհի հարազատները պահանջում են, որ նրան դատեն իբրեւ չափահասի:
Սպասվում էր, որ որոշումն օգոստոսի 19-ին կկայացվի, սակայն դատավորը հետաձգել էր դատավճռի կայացումը: Դատարանն արդեն չորրորդ անգամ էր այն հետաձգում:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից: Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում`բողոքի ցույցերի պատճառ դառնալով, որոնք ուղեկցել էին իրավապահների եւ ցուցարարների բախումներով: Ոստիկանությունը վեց կասկածյալի էր կալանավորել, նրանցից մեկին ավելի ուշ բանտախցում մեռած էին գտել, նախնական վարկածով` նա կախվել է:





























