Բրիտանուհին որոշել է սպասել իր աքաղաղի սատկելուն, որպեսզի կարողանա հետ վերադարձնել կենդանու կուլ տված 450 դոլար արժողությամբ զարդը, որն իր սիրելիի նվերն էր: Աքաղաղը դեռ 10 տարի կարող է ապրել:
Բերքշիր կոմսությունից Քլեր Լենոնը սպիտակ ոսկուց ադամանդակուռ ականջօղեր էր նվեր ստացել իր սիրեցյալից, սակայն նրա ընտանի կենդանին` Սառա մականվամբ աքլորը, կուլ է տվել ականջօղերից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Telegraph-ը:
Ամուսնական զույգն աքլորին վանդակում է տեղավորել եւ մի քանի օր ուշադիր ստուգել սկուտեղի պարունակությունը` հուսալով այնտեղ հայտնաբերել թանկարժեք զարդը: Մի քանի օր ապարդյուն սպասելուց հետո բրիտանացիները դիմել են անասնաբույժի, որը ռենտգենի միջոցով պարզել է, որ ականջօղը մնացել է թռչնի ստամոքսում:
Անասնաբույժը հայտնել է, որ վիրահատական ճանապարհով կարող է հանել զարդը, սակայն թռչունը կարող է սատկել: Լենոնը նման քայլի չի ցանկացել դիմել իր վեցամյա դուստր Միայի պատճառով, քանի որ վերջինս շատ է սիրում աքլորին: Կինը կատակել է, որ իրենց թռչունն այժմ, հավանաբար, ամենաթանկ կենդանին է երկրում: Ընտանիքը համաձայն է սպասել կենդանու բնական մահվանը եւ պատրաստվում է նրան պահպանել աղվեսներից, գողերից եւ այլ վտանգներից, որոնք կարող են իրենց զրկել ոչ միայն աքաղաղից, այլեւ թանկարժեք զարդից:





























