Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 450 կմ հեռավորության վրա գտնվող Քենա քաղաքում թռչուն են բռնել, որին կասկածում են Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ: Տեղի բնակիչներից մեկը արագիլի թաթին նկատել է էլեկտրոնային սարքավորում եւ այդ մասին հաղորդել է իշխանություններին: Քաղաքի անվտանգության ծառայության ղեկավարը ստուգել է թռչնին ու հաստատել, որ դա ընդամենը ֆրանսիական թռչունաբանների կողմից տեղադրված սարքավորում է, որով նրանք հետեւում են թռչունների տեղաշարժին:
Ընդ որում, ինչպես նշում է «The Independent»-ը, «լրտեսական առաքելությունն» ամեն դեպքում տապալվելու էր: «Ցուցիչը շարքից դուրս էր եկել անմիջապես այն բանից հետո, երբ թռչունը հատել էր ֆրանսիական սահմանը»,- հայտնել է քաղաքի անասնաբուժական ծառայության ղեկավար Այման Աբդալան:
Հետաքրքիր է, որ գլխավոր անասնաբույժը, ինչպես նաեւ պաշտոնական իշխանությունները, ենթադրյալ հանցագործին անվանել են կարապ, այն դեպքում, երբ լուսանկարներում արագիլ է պատկերված, հաղորդում է NEWSru.com-ն:
Արագիլի վրայից լրտեսության մեղադրանքները հանել են: Այնուամենայնիվ, թռչունը մնացել է ոստիկանությունում, քանի որ նրա ազատ արձակման համար անհրաժեշտ է իշխանությունների համապատասխան թույլտվությունը: Թե երբ այն կլինի, հայտնի չէ: Չի նշվում նաեւ, թե ինչ պայմաններում են պահում թռչունին եւ ինչպիսին է նրա զգացողությունը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Կենդանիները հաճախ են հայտնվում անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնում: 2010թ. Եգիպտոսի իշխանությունները հայտարարեցին, որ Կարմիր ծովում զբոսաշրջիկների վրա հարձակված շնաձկները «իսրայելական գործակալներ» են: Իսկ 2013թ. հուլիսին Թուրքիայում արադարացրել էին բազեին, որի մարմնում մեկ ամբողջ տարի չիպեր էին փնտրում:





























