Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան առաջնային երկրներ են ԵՄ արեւելյան գործընկերության զարգացման համար: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Իր դիրքորոշումը նա հայտնել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիտվայի եւ Լատվիայի արտգործնախարարների՝ Գոթլանդում կայացած հանդիպման ընթացքում:
«Մենք կարեւոր ենք համարում Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ այդ պայմանագրերը կյանքի կոչելը», - դիվանագետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Ըստ Պաետի՝ «ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ է ստեղծում միասնական արժեքների տարածական ընդլայնման համար, եւ ԵՄ-ն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի այդ նպատակին հասնելու համար»:
Հյուսիսային Եվրոպայի եւ բալթիական երկրների համատեղ հայտարարության մեջ ընդգծվել էր, որ «ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքական եւ տնտեսական ճնշումն անընդունելի է: Պետությունները պետք է հնարավորություն ունենան իրենք ընտրելու, թե ինչն է լավ իրենց ապագայի համար»:
Հանդիպմանը քննարկվել էին նաեւ էներգետիկ համագործակցության հարցեր: Նշվել էր, որ առաջիկայում այդ ոլորտի կարեւորագույն թեմաներ կդառնան լեհ-լիտվական գազային միության ստեղծումը, Լատվիայում գազապաստարանի համալրումը, հեղուկ բնական գազի տարածաշրջանային տերմինալի կառուցումը Ֆինլանդիայի ափին եւ Baltic Connector էստոնա-ֆինլանդական գազային միավորման շինարարությունը:





























