Էստոնիան ցանկանում է, որ հարավկովկասյան գործընկերները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, ընթանան դեպի Եվրամիություն: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը:
«Որքան շատ երկրներ նման ընտրություն կատարեն, այնքան ավելի դա Եվրամիության շահերից կբխի», - Պաետի խոսքերն է մեջբերում dzd.ee-ն:
Նա հավելել է, որ Վրաստանն այս հարցում առաջին շարքում է՝ ԵՄ մտնելու ձգտումների եւ կատարած բարեփոխումների իմաստով:
«ԵՄ-ն պետք է դրան մեծ ուշադրություն դարձնի եւ աջակցի: Մենք հուսով ենք, որ առաջիկայում ԵՄ-ն հավանություն կտա դրա եվրոպական հեռանկարին», - ասել է Էստոնիայի արտգործնախարարը:
Ըստ Պաետի՝ «Արեւելյան գործընկերությունը» նպաստել է Հարավային Կովկասի հետ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդմանը: «ԵՄ-ն նախկինի պես ուշադրություն է պահանջում երկարաձգված հակամարտությունների հարցում, որոնք խանգարում են տարածաշրջանի զարգացմանը», - հավելել է նա:
Պաետը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները հաջող են զարգանում, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցություններ են սկսվում հետընդունման եւ վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ, Վրաստանի հետ ցանկություն կա երկխոսություն սկսել վիզաների կապակցությամբ, բացի դրանից Հայաստանի եւ Վրաստանի հետ վճռվել է սկսել ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























