Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն առաջարկում է իտալական Pirelli ընկերությանը՝ վերանայել «Նաիրիտի» հարցով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Այդ հարցը քննարկվել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի եւ իտալական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ կառավարիչ տնօրեն Մարկո Տրոնկետտի Պրովերայի հանդիպման ժամանակ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Perelli-ի պատվիրակության՝ «Նաիրիտ» այցելության մասին, որի ժամանակ կվերլուծվի ներդրումային հնարավորությունները եւ գնահատական կտրվի համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «Բիզնես ՏԱՍՍ»-ը, սեպտեմբերի 3-ին կայացել է Սեչինի եւ «Նաիրիտ» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են «Ռոսնեֆտ»-ի հնարավոր մասնակցության հարցը «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծում: Jacobs Consultancy Ltd ընկերությունը այս տարվա օգոստոսին գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական եւ բնապահպանական աուդիտ է անցկացրել: «Ռոսնեֆտ»-ն այդ ծրագրում իր մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի աուդիտի ավարտից, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության հետ նախագծի մասնակցության պայմանների շուրջ բանակցություններից հետո:

Ալֆա բանկի նավթի եւ գազի հարցերով ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կորնիկովը հեռանկարային է համարում երկու ընկերությունների համագործակցությունը Հայաստանում: «Pirelli-ի եւ «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը «Նաիրիրտի» նկատմամբ կապված է նավթաքիմիական արտադրանքի արտադրության հետ: Այդ համագործակցությունն իմաստ ունի»,-ասել է նա: