ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները եւ ԱՄՆ-ի կոնգրեսում փոքրամասնության խմբակցության նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել են, որ աջակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ առաջարկին: Սեպտեմբերի 3-ին Օբաման հանդիպում է ունեցել կոնգրեսի առաջնորդների հետ՝ փորձելով նրանց համոզել Սիրիայի դեմ հարվածի անհրաժեշտությունը:
«Սիրիայում քիմիական զենքի կիրառումը չպետք է անտեսված մնա»,- լրագրողներին հայտնել է Փելոսին, որի խոսքով ԱՄՆ-ը «պետք է արձագանքի»:
Փելոսիի խոսքով, ինքը «չի հավատում», որ Կոնգրեսը կմերժի նախագահի առաջարկը: Օբաման թույլ է տվել հասկանալ, որ արդեն առաջիկա շաբաթում ակնկալում է Կոնգրեսի հավանությունը:
Մինչ այդ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Կոնգրեսի առաջնորդների աջակցությունը չի երաշխավորում Օբամայի գրասենյակի հաջողությունը ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ քվեարկության ժամանակ: Սիրիայի դեմ հարձակման դեմ հանդես են եկել մի շարք դեմոկրատներ, որոնք մատնանշել են Իրաքի դեմ պատերազմի անհաջող փորձը, ինչպես նաեւ հանրապետականների այսպես կոչված մեկուսացած թեւը:





























