Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը սեպտեմբերի 2-ին, հանդիպել է Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության եւ դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ եւ քննարկել փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույն ջանքեր գործադրել այն որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Շարիդա Աբդալլահ Ալ-Մաուշարջի հետ: Քննարկվել են արդարադատության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության ծավալման եւ ընդլայնման հեռանկարները:
Սեպտեմբերի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպել է Քուվեյթի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Մարզուկ Ալի Ալ-Ղանեմի հետ: Դեսպանը շնորհավորել է Մարզուկ Ալ-Ղանեմին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:
Հանդիման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են Քուվեյթի Ազգային ժողովի նախկին նախագահ Ալի Ռաշեդի՝ Հայաստան այցելության արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական բարեկամություն խմբերի միջեւ շփումների ակտիվացման եւ շարունակականության ապահովման, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների օրենսդիր կառույցների միջեւ իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարեւորությունը:




























