Ռումինական Սիգիշոարա քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը անցկացվել է ավանդական դարձած ProEtnica միջմշակութային փառատոնը, որը կոչված է ներկայացնելու Ռումինիայի ազգային փոքրամասնությունների մշակույթը եւ արվեստը:

Փառատոնի գիտական ծրագրերի շրջանակներում կազմակերպվել էր հայկական թեմայով կլոր սեղան–քննարկում, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ Ռումինիայի, մասնավորապես Տրանսիլվանիայի հայկական ժառանգության, հայերի նշանակալի դերակատարության մասին: Ցուցադրվել են Տրանսիլվանիայի հայ համայնքի ժամանակակից կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Երեք ժամ տեւած զեկուցումների եւ քննարկումների առանցքային թեմաներից էր Հայոց ցեղասպանությունը, դրա արձագանքները ժամանակի ռումինական մամուլում եւ ազդեցությունը ռումինահայ համայնքի վրա:

Կլոր սեղանի հիմնական զեկուցողներն էին Ռումինական Ակադեմիայի Կլուժ-Նապոկայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը եւ նույն հաստատության հետազոտող Կլաուդիա Դարաբանը, ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր գիտական աշխատանքից ծավալուն զեկույց է ներկայացրել ժամանակի ռումինական արձագանքների վերաբերյալ: Քննարկումներին մասնակցել են Կլուժ-Նապոկայի Բաբեշ Բոլյայի համալսարանի Միջազգային հետազոտությունների եւ ժամանակակից պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ադրիան Իվանը, Ռումինական Ակադեմիայի գիտքարտուղար Էմիլիան Դոբրեսկուն, Ռումինիայի հայոց միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Ազատուհի Վարդուկա-Խորենյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը, պատմաբաններ, Տրանսիլվանիայի հայ եւ հրեա համայնքի ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակներում տպավորիչ ելույթներով հանդես են եկել Գեռլայի նախկին Արմենոպոլիսի հայկական երգի-պարի խումբը: Քաղաքի պատմական կենտրոնում տեղադրված հայկական տաղավարում ներկայացված էին հայոց պատմության, մշակույթի, խոհանոցի, ռումինահայ համայնքի մասին պատմող հրատարակություններ, հայ արհեստավորների ձեռագործ իրեր: Առանձին ցուցասրահում ներկայացված էին Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գեղանկարները եւ Էրմոնե Մարթայանի ապակու վրա արված սրբապատկերները: