ՌԴ նախագահի՝ Մերձդնեստրի հարցով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ամփոփել է Մոլդովայի եվրաինտեգրման քաղաքական եւ տնտեսական արդյունքները: Հանդես գալով Տիրասպոլում, նա կանխատեսել է, որ Արեւմուտքին ինտերգրվելու ողջ գործընթացը կավարտվի Մոլդովայի չեզոքության կարգավիճակի, Մերձդնեստրի տարածքի կորստով եւ իր ապրանքների համար ռուսական շուկայի փակմամբ:

«Այնտեղ ո՞ւմ են պետք Մոլդովայի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքները: Այնտեղ պորտուգալացիները չեն կարողանում իրենց գինին վաճառել իսպանացիների հետ»,-ասել է Ռոգոզինը: Նրա խոսքով՝ Եվրոպայում ոչ ոք ոչ ոքի չի սպասում: «Եվրոպական գործընկերության» բոլոր այդ խաղերը նրա համար են, որպեսզի բարդացնեն ինտերգրացիոն գործընթացները, որն այսօր իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը: Ես արդեն ասել եմ, որ սա «բաղնիք» չէ, այլ «նախաբաղնիք», որտեղ նրանք միշտ կմնան: Ոչ ոք նրանց Եվրամիություն չի պատրաստվում ընդունել»,-ասել է նա:

Ռոգոզինը նաեւ սպառնացել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը նշանակում է ռուսական շուկայի փաստացի կորուստ, հաղորդում է Moldsnews-ը:

Նշենք, որ արդեն «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն այսօր հայտարարել է, որ ռուսական կողմը դժգոհություններ ունի մոլդովական գինուց եւ հնարավոր է 2006 թվականի նման փակվի մոլդովական գինիների մուտքը Ռուսաստան: