Հայաստանը արգելափակեց ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ համաձայնագիր կնքելու իր հնարավորությունները՝ ընտրելով Մաքսային միություն մուտք գործելու տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուսը:

Նրա խոսքով, ԵՄ-ն հարգում է Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված որոշումը, սակայն երկու համակարգերը միաժամանակ գործել չեն կարող, հայտնում է eubusiness.com-ը:

«Մենք հարգում ենք ամեն երկրի կայացրած ընտրություն, սակայն նրանք չեն կարող միաժամանակ երկու կազմակերպություններում ներգրավվել՝ տարբեր պահանջների պատճառով»,- AFP-ի հետ զրույցում հայտարարել է Լինկևիչյուսը:

Երեքշաբթի օրը առանձին հայտարարությամբ Լինկևիչյուսը և Հյուսիսային ու Բալթիկայի երկրների 7 այլ նախարարներ նախազգուշացրել են Ռուսաստանի կողմից հետխորհրդային միջավայրում ճնշման հնարավորության մասին:

«Դեպի Եվրոպա ձգտման և ԵՄ հետ համագործակցության պատճառով արևելյան գործընկերների դեմ ուղղված տնտեսական ցանկացած սպառնալիք կամ քաղաքական ճնշում անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ: