Այսօր` մարտի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը եւ նշել. «Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել փոխգործակցությունը»:
Թոմաս Միրովն ասել է, որ ՎԶԵԲ-ի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արդիականացմանը, եւ Բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի, միջին ու փոքր գործարարության խթանման վրա: Նրա խոսքով` Եվրաբանկը Հայաստանում կատարել է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, իսկ անցած տարվա ընթացքում, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ներդրումների ծավալները կտրուկ ավելացել են:
Եվրաբանկի նախագահն ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս դժվարին պայմաններում կարողացավ դիմագրավել եւ ցույց տալ իր ամրությունն ու դիմացկունությունը: Նրանք խոսել են նաեւ Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների, ընթացիկ եւ հեռանկարային համատեղ ծրագրերի մասին: Թոմաս Միրովն ասել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ենթակառուցվածքների որակի բարելավմանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ նշվել են ֆինանսական հատվածը, բանկային համակարգը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը:



















