«Քլիվլենդյան մոլագար» Արիել Կաստրոյին, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ եւս հազար տարվա բանտարկության՝ առեւանգման եւ սպանության համար, մեռած վիճակում գտել են բանտախցում։

Կաստրոյին պահում էին մենախցում՝ իր իսկ անվտանգությունն ապահովելու համար, ասված է Օհայո նահանգի բանտային գերատեսչության հայտարարության մեջ:  Բանտի աշխատակիցները բանտարկյալին ստուգում էին  յուրաքանչյուր 30 րոպեն մեկ` հրահանգներին համապատասխան: Հերթական ստուգման ժամանակ Կաստրոն մեռած էր հայտնաբերվել: Ըստ նախնական վարկածի` մահվան պատճառը շնչահեղձումն է եղել, հայտնում է polit.ru-ն` վկայակոչելով  Fox40-ը:

«Ռոսբալտը», վկայակոչելով  19 Action News-ը, հայտնում է, որ բանտի բուժանձնակազմի ձեռնարկած միջոցներն ապարդյուն են եղել: Հիվանդանոցի բժիշկները հաստատել են նրա մահը: 

Օգոստոսի 1-ին Կաստրոն ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Այս տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ Քլիվլենդի բնակիչ Արիել Կաստրոն 10 տարի իր տանն էր պահել երեք կանանց:  Կաստրոն մեղադրվում էր առեւանգման 512, բռնաբարության 446 դրվագներում, ինչպես նաեւ մի քանի հարձակումներում եւ երեխային սպառնալու մեջ:  Նա եւ իր երկու եղբայրները`54-ամյա Պեդրո Կաստրոն եւ 50-ամյա Օնիլ Կաստրոն, կալանավորվել էին, երբ գերիներից մեկը կարողացել էր փախչել: