Ճապոնիայում սեպտեմբերի 4-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել՝ 6,9 մագնիտուդով:
Էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի ափից 500 կմ հեռվում, հիպոկենտրոնը՝ 400 կմ խորությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ- ի օդերեւութաբանական ծառայությունը:
Ուժեղ ցնցումները զգացվել են ճապոնական Հոնսյու կղզու կենտրոնական եւ արեւելյան տասնյակ պրեֆեկտուրաներում: Տոկիոյում եւս ցնցվել են տները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ճապոնական մայրաքաղաքի լրատվական գործակալության գրասենյակում դղրդացել են պատերն ու տեղաշարժվել է կահույքը:
«Սինկանսեն» ճեպընթաց գնացքների երթեւեկությունը ժամանակավոր դադարեցվել է, դա արվել է նախազգուշական նպատակներով:
Lenta.ru-ն հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, սակայն չի վնասել «Ֆուկուսիմա 1» Աէկ-Ը:
Տուժածներ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել:



























