Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները մոտ են Սառը պատերազմից հետո եղած հարաբերությունների ցածրագույն մակարդակին, սակայն Մոսկվայի եւ մերձավոր հարեւանների հարաբերությունները ոչ պակաս սառն են: Այս մասին գրում է միջազգային գործարարական «Financial Times» թերթի Արեւելյան Եվրոպայի գծով խմբագիր Նիլ Բաքլին:
«Ռուսաստանը վերջին օրերին քաղաքական ենթատեքստ ունեցող վեճեր է սկսել Ուկրաինայի եւ Բելառուսի, ինչպես նաեւ նախկին խորհրդային այլ երկրների հետ, ինչպես օրինակ Մոլդովան է՝ պատժելով այլ գործընկերների հետ կապերի ամրապնդման համար»,– գրում է հոդվածագիրը եւ հավելում. «Նույնիսկ այժմ, երբ Պուտինը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալում է «Մեծ քսանի» գագաթաժողովը, լարվածությունն արտացոլում է Արեւելք-Արեւմուտք պայքարը այն երկրների նկատմամբ ազդեցության համար, որոնք Ռուսաստանն իր հետնաբակն է համարում: Մոսկվան փորձում է նախկին խորհրդային երկրներն ընդգրկել Մաքսային միությունում , որը ստեղծել է նախկին խորհրդային երկրներ Բելառուսի եւ Ղազախստանի հետ եւ որը վերջնարդյունքում պետք է վերածվի միասնական տնտեսական տարածքի՝ «Եվրասիական միության», Եվրամիության ոճով: Քանի որ մի քանի հանրապետություններ մտադիր են Վիլնյուսի նոյեմբերյան գագաթաժողովում ԵՄ-ի հետ համաձայնագրեր ստորագրել, Մոսկվան փորձում է համոզել նրանց հետ կանգնել դրանից»:
Ինչ վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշմանը, խմբագիրը նշում է. «Հնարավոր է՝ Մոսկվայի կոշտ դիվանագիտությունը մի հաջողության հասավ: Շփոթության մատնելով ԵՄ-ի պաշտոնյաներին, որոնք հուլիսին ավարտել էին Հայաստանի հետ ԵՄ-ի համաձայնագրի բանակցությունները, այդ հարավկովկասյան հանրապետության նախագահը երեքշաբթի Մոսկվայում հայտարարել է, որ մտադիր է Մաքսային միություն մտնել: Այլ վայրերում այդ մարտավարությունը կարող էր հակառակ արդյունքն ունենալ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերջում հայտնել էր Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության եւ այդ նպատակի համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին:





























