Հայաստանի՝ ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ներկայումս պակաս հավանական է թվում: Սեպտեմբերի 4-ին նման կարծիք է արտահայտել քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը:
«Ճիշտ է, ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները երբեք այն մակարդակում չեն եղել, որ դա մեզ որեւէ բան պարտավորեցնի: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերությունները արդեն որոշակի մակարդակում ինստիտուտուցիոնալիզացված են: Խոսքը միասնական տնտեսական հանձնաժողովի հետ հուշագրի մասին է, որը ստորագրվել է դրա կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի՝ ապրիլին Երեւան կատարած այցի ժամանակ»,-ընդգծել է Մարգարովը:
Նա հավելել է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի նշանակում հրաժարվել եվրոպական կառույցների հետ համագործակցությունից, սակայն ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը արդեն տեսականորեն դժվար է պատկերացնել:
Կովկաս Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանն,ամենայն հավանականությամբ, կմասնակցի Վիլնյուսում Արեւելյան համագործակցության գագաթաժողովին: Այնուամենայնիվ, կարելի է ակնկալել ԵՄ հետ համագործակցության ավելի դիֆերենցացված տարբերակ: «Եթե ավելի վաղ սպասվում էր, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան՝ նախաստորագրել, ապա հիմա, հնարավոր է, ականատես կլինենք ավելի դիֆերենցացված մոտեցումների: Դատելով Սարգսյանի եւ Պուտինի հանդիպումից՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը դեմ չէ համագործակցության զարգացման նման սցենարի զարգացմանը»,-ընդգծել է Մինասյանը:
Ընդգծենք, որ Սարգսյանի եւ Պուտինի երեկվա հանդիպումից հետո, Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է միանալու Միասնական մաքսային միությանը՝ շարունակելով եվրոպական կառույցների հետ երկխոսությունը:





























