Ռուսաստանը պետք է ընկալի այն շահերը, որոնք Հայաստանը հետապնդում է եվրաինտեգրման գործընթացում: Սեպտեմբերի 4-ին նման կարծիք է հայտնել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:

«Ռուսաստանը պետք է ընկալի այն քայլերը, որոնց դիմում է իր ռազմավարական դաշնակիցը: Նոր ձեւաչափը, որում Հայաստանն ու ԵՄ-ն կարող են շարունակել համագործակցությունը, եւս կարող է Հայաստանի համար շահավետ լինել»,-հայտարարել է Մինասյանը:

Ինչ վերաբերում  է եվրոպական կողմի արձագանքին, ապա Բրյուսելում, հավելել է նա, տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրել, սակայն, այնուամենայնիվ, հայկական կողմի քայլը անսպասելի էր շատերի համար: «Միեւնույն ժամանակ, չեմ կարող համաձայնել «ամեն ինչ ավարտվեց» տեսակի հայտարարությունների հետ, որոնք, հնարավոր է, ինչ-որ մեկի մոտ ձեւավորվել են: Խաղը չի ավարտվել, նոր է միայն սկսվել եւ կարող է նոր զարգացումներ ունենալ: Հայաստանի խնդիրն է գտնել իր համար ամենաընդունելի տարբերակները»,-ընդգծել է Մինասյանը:

Ընդգծենք, որ Սարգսյանի եւ Պուտինի երեկվա հանդիպումից հետո, Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է միանալու Միասնական մաքսային միությանը՝ շարունակելով եվրոպական կառույցների հետ երկխոսությունը: