Հյուսիս-Բալթյան երկրների ութնյակը (NB8) անընդունելի է համարում «Արեւելյան գործընկերության» մասնակից-երկրների նկատմամբ ցանկացած սպառնալիքները կամ քաղաքական ճնշումը: Այս մասին ասվում է նախարարների հայտարարությունում՝ սեպտեմբերի 2-ին շվեդական Վիսբի քաղաքում տեղի ունեցած նիստի արդյունքում: Հայտարարությունը հրապարակված է Շվեդիայի կառավարության կայքում:
Նախարարներն ընդգծում են, որ յուրաքանչյուր երկիր լիարժեք իրավունք ունի ընտրելու այն ուղին, որն իր ապագայի համար լավագույնն է համարում: «Լիովին աջակցում ենք Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը, եթե Ուկրաինան ցուցաբերի զգալի առաջընթաց երեք առանցքային ոլորտներում, որոնք որոշվել են 2012-ի դեկտեմբերին՝ ԵՄ նախարարների խորհրդի նիստի ժամանակ»,-ասվում է հայտարարությունում: Այս մասին հաղորդում է INFOTAG-ը:
Նիստին մասնակցել են Շվեդիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվիայի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները:





























