Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրյովան բժշկական ազգային համալսարանում դասախոսության ընթացքում ուսանողներին կոչ է արել չնմանվել «Բժիշկ Հաուս» (House M.D.) սերիալի գլխավոր հերոսին:

«Բժշկի աշխատանքում կարեւոր է ամեն ինչ, նույնիսկ՝ արտաքինը: Հնարավոր է՝ չսափրված եւ անփույթ բժիշկ Հաուսի կերպարը գրավիչ է թվում, սակայն վստահ եմ, որ նրա անփութությունչէ, որ պետք է ընդօրինակել», - ասել է նախարարը՝  ընդգծելով, որ բժիշկները «պետք է լինեն այնպես, ինչպես եւ հարյուր տարի առաջ՝ հիվանդներին վստահություն ներշնչելու համար»: Բոգատիրյովան ենթադրել է նաեւ, որ Հաուսի ցինիզմի եւ անփութության հետեւում  «թաքնված է բժշկի խոցելի հոգին»: Վերջապես, նա նշել է, որ բժիշկների աշխատանքը այնքան էլ նման չէ սերիալներում ցուցադրվածին, սակայն պակաս հետաքրքիր չէ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

«House M.D.»-ն ամերիկյան Fox հեռուստաալիքի եթերով հեռարձակվում էր 2004թ.-ից: Դրա եզրափակիչ՝  177-րդ սերիան ցուցադրվել էր անցյալ տարվա մայիսին: Սերիալը ցուցադրվել է աշխարհի 66 երկրներում: 2008թ. այն ունեցել է 81,8 միլիոն հեռուստադիտող, սակայն այնուհետեւ թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Գլխավոր հերոս բժիշկ Գրեգորի Հաուսի դերը սերիալում կատարում էր բրիտանացի դերասան Հյու Լորին: